ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սիրտս ցավում է․․․ամոթից

Սիրտս ցավում է․․․ամոթից
30.09.2024 | 13:09

Նայեք ներքևի լուսանկարին․ դա Լևոն Ալեքսանդրի Մանթաշյանցի գերեզմանն է։ Ստորև կասեմ ով էր նա, և ինչ ասելու եմ՝ մեկ առ մեկ ունի ապացույց։

***

1911 թ․ ապրիլի 28-ին, ժամը 11-ին Ալեքսանդր Մանթաշյանցի դին Պետերբուրգից հասավ Թիֆլիս։ Ժամը 16-ին նրա տանը, չորս որդիների, չորս դուստրերի, երեք փեսաների և մտերիմ ազգականների ներկայությամբ բացվեց հանգուցյալի կտակը։ Դրա բոլոր կետերի մասին չեմ խոսի, կասեմ միայն, որ հետմահու բարեգործության համար թողել էր 200․000 ռ․, իսկ Թիֆլիսում գտնվող 3 մլն ռ․ արժողությամբ անշարժ գույքը կտակել այն թոռներին, որոնք կծնվեին լուսավորչական հավատքի հարսներից։

Կտակում խոսք չկար, բայց հավանաբար հոր բանավոր կամքն էր, որ բիզնեսն անցնի երկրորդ որդուն՝ Լևոնին։ Բոլորն անտրտունջ համաձայնեցին, և այդ օրվանից Լևոնը ձեռք բերեց բացարձակ, անսակարկելի գերիշխանություն։ Նա տեր դարձավ Բաքվի նավթարդյունաբերությանը, Բաթումի տակառի գործարանին, Օդեսայի նավթալից կայանին, արտասահմանյան տասնյակ մասնաճյուղերին, Թիֆլիսի առևտրային բանկին, բիզնեսի բազմաթիվ ճյուղերում հոր փայաբաժիններին։

Բայց և ստանձնեց հոր բարեգործական առաքելությունը։

Այժմ միայն համառոտ թվարկումներ անեմ։

1911 թ․

-պատմագրության մեջ «Դաշնակցության գործ» անվամբ հայտնի բռնաճնշումների ժամանակ կալանավորվեցին նաև հարյուրավոր անվանի անձինք, որոնց թվում Հովհ․ Թումանյանը, Ավ․ Իսահակյանը, Ավ․ Ահարոնյանը, Ներսես վարդապետ Թանգյանը, Հովհ․ Քաջազնունին, Դրոն, Ս․ Վրացյանը, Հ․ Օհանջանյանը և այլք։ Փետրվարին՝ 20․000 ռ․ գրավադրմամբ, բանտից ազատվեց Ավետիս Ահարոնյանը։ Այդ գումարը տրամադրել էին Վառվառե Քանանյանը, ԿՀԲԸ խորհրդի նախագահ Սամսոն Հարությունյանը և․․․ Լևոն Մանթաշյանցը։

-80 հազար ռուբլի ավելացրեց այն 250 հազար ռուբլուն, որ հայրը տրամադրել էր Ներսիսյան դպրոցի նոր շենքի կառուցմանը, այսպիսով՝ ընդհանուր գումարը կազմեց 330 հազար ռուբլի

-1000-ական ռ․ վճարեց Թիֆլիսի հայ ծխական դպրոցների հոգաբարձություններին, իսկ եթե նկատի ունենանք, որ այդպիսի դպրոցները 24-ն էին, ապա ընդհանուր գումարը կազմեց 24 հազար ռուբլի։

1912 թ․

-հունվարին Թոքախտի դեմ պայքարի ընկերությանը հատկացրեց 1000 ռ․

-մարտին Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում դպրոցի նոր շենք կառուցելու համար՝ 1000 ռ․

-մայիսին ԿՀԲԸ խորհրդին՝ հօգուտ դպրոցական-ուսուցչական ֆոնդի՝ 35 հազար ռ․, Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությանը՝ 20 հազար ռ․, Հայոց դրամատիկական ընկերությանը՝ 10 հազար ռ․, իսկ հունիսին՝ ևս 5000 ռ․, Ձրի և էժանագին ճաշարանների ընկերությանը՝ 15 հազար ռ․, Հայոց ազգագրական ընկերությանը՝ «Ազգագրական հանդէսի» 22-րդ գրքի հրատարակման համար՝ 1000 ռ․, Թիֆլիսի Գայանյան իգական դպրոցին՝ 8000 ռ․, Կովկասի Հայոց հրատարակչական ընկերությանը՝ 10 հազ․ ռ․

-հունիսին 25․000 ռ․ հատկացրեց հոր անունը կրող Թիֆլիսի Առևտրային դպրոցին։

1913 թ․ Լ․ Մանթաշյանցը ևս 42․000 ռ․ նվիրաբերեց Ներսիսյան դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար, ինչի արդյունքում դպրոցի համար հոր ու որդու տրամադրած գումարը կազմեց 372․000 ռ․։

Ֆիրմայի անունից փոխանցեց 2000 ռ․ Հովհ․ Քաջազնունու նախագծով Բաքվի Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս եկեղեցու շինարարության համար։ Հընթացս հավելեմ, որ 1937 թ․ եկեղեցին պայթեցվեց և տեղում կառուցվեց Բաքվի կոնսերվատորիայի շենքը։

Նույն թվականին Լ․ Մանթաշյանցը 5000 ռ․ տրամադրեց Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությանը և 10․000 ֆրանկ նվիրաբերեց Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, անվանի հայագետ Ֆրեդերիկ Մակլերին Էջմիածնի նշանավոր փղոսկրյա ավետարանի լուսատիպ հրատարակության համար։

1914 թ․

-մարտին Պետերբուրգից Թիֆլիս ժամանեց Լ․ Մանթաշյանցը և 5000 ռ․ հատկացրեց շտապ բուժօգնության ընկերությանը, 20․000 ռ․՝ հոր երախայրիք Ներսիսյան դպրոցի ներքին կահավորման համար, ինչի արդյունքում դպրոցի նոր շենքի վրա Մանթաշյանցների ծախսած ընդհանուր գումարը վերջնականապես կազմեց 392․000 ռ․, 50․000 ռ․ տրամադրեց Գայանյան օրիորդաց դպրոցի նոր շենքի կառուցման համար տեղ գնելու ու որոշեց 150․000 ռ․ էլ հատկացնել շենքի կառուցման համար։

-օգոստոսին, երբ արդեն փոթորկում էր Առաջին համաշխարհային պատերազմը, Լ․ Մանթաշյանցի ներկայացուցիչը քաղաքագլուխ Ա․ Խատիսյանին հայտնեց, որ Ռեյտերովսկայա փողոցում գտնվող իրենց տունը տրամադրում է 50 վիրավորների համար, իսկ նրանց բուժման, կերակրման, խնամքի և այլ ծախսերն ինքն է հոգալու։

-սեպտեմբերին վիրավոր զինվորների համար բացվելիք հիվանդանոցի համար նա ֆիրմայի անունից փոխանցեց 1000 ռ․ ու ևս այդքան՝ իր Առևտրային բանկից։ Բացի այդ, պատերազմից տուժածներին օգնող քաղաքային կենտրոնական կոմիտեին տրամադրեց Գանովսկայա փողոցի իր չորս խանութասրահները։

1915 թ․

-օգոստոսին Լ․ Մանթաշյանցը, ի նպաստ տաճկահայ փախստականների, Թիֆլիսի առևտրային բանկի միջոցով 25․000 ռ․ փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե․ Սուրենյանցին։

-դեկտեմբերին, մասնակցելով դրամահավաքի, 500 ռ․հատկացրեց հայ գրողների, հրատարակիչների ու լրագրողների ձեռնարկած «Ձիթենի» գրական ժողովածուի հրատարակմանը, բայց պայմանով, որ 200 օրինակ փոխանցվի նյութապես անապահով հայկական դպրոցներին ու գրադարան-ընթերցարաններին։

1916 թ․

-մայիսին Լ․ Մանթաշյանցը 20․000 ռ․հատկացրեց Թիֆլիսի Հայոց գիւղատնտեսական ու տնայնագործական ընկերությանը

-հոկտեմբերին Վեհափառ Հայրապետը նրան նշանակեց Գայանյան օրիորդաց դպրոցի հոգաբարձու, իսկ դեկտեմբերին Լ․ Մանթաշյանցն այդ դպրոցի հոգաբարձությանը պատվիրեց իր գնած ու նվիրած հողատարածքի վրա սկսել նոր շենքի կառուցումը՝ 250․000 ռ․ նախահաշվով։

1917 թ․ հունվարին հայտնի դարձավ, որ Լ․ Մանթաշյանցը 600․000 ռ․ է նվիրաբերել հայության գյուղատնտեսական կրթական մակարդակի բարձրացման ու 30 ազնվացեղ ձի՝ ձիաբուծությունը զարգացնելու համար։

Բոլշևիկյան հեղափոխությունից ու մասնավոր կապիտալի բռնագրավումից հետո, և սկիզբ առած քաղաքացիական պատերազմի ժամանակ 1918 թ․ վերջին Լ․ Մանթաշյանցը եղբայրների ու քույրերի հետ վտարանդվեց Փարիզ։ Հիմա չեմ պատմի, թե ինչով և ինչպես նա ապրեց Ֆրանսիայում, կասեմ միայն, որ վախճանվեց 1954 թ․ հոկտեմբերի 24-ին, իսկ հոգեհանգիստ մատուցվեց հոր կառուցած Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում։

***

Հիմա, խնդրեմ, կրկին նայեք ներքևի լուսանկարին։ Ես չգիտեմ երբ է դա արվել, բայց ենթադրում եմ, որ այդ անխնամ, անտերության մատնված գերեզմանին գուցե արդեն չկա մարմարե սալիկը և գերեզման էլ գոյություն չունի։ Եվ գուցե ինքն էլ ծնողների նման անշիրիմ է մնացել։ Հայի հացի մեջ աղ չկա՞, իրո՞ք չկա․․․

Մի քանի հռետորական հարց տամ․

-ֆրանսահայ համայնքում քանի՞ բարեգործական, հասարակական, քաղաքական կազմակերպություն կա․

-քանի՞ եկեղեցական հոգաբարձություն կա․

-քանի՞ մեծահարուստ կա։

Մարդ էլ ի՞նչ պիտի աներ ազգի համար, որ մարդարժան գերեզման ունենար։

Ես ոչ ոքի չեմ մեղադրում, մեղադրում եմ ինքս ինձ, բայց ես անում եմ այն, ինչ կարող էի։

Միայն թե մնում եմ ինքս իմ մտածմունքի հետ՝ արդյո՞ք մեր բոլոր ձախորդությունների, անհաջողությունների (թվարկում չեմ շարունակի) պատճառը մեր մեջ, մեր ներսում չէ։

Սիրտս ցավում է ամոթից․․․

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 6072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ